Ձվախաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, բայց չկոտրված ձու պետք է ունենա: Խաղի նպատակն է՝ պարզել, թե ում ձուն է ավելի ամուր: Խաղացողներից մեկը ձուն պետք է բռնի ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իցկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Խաղի կանոնները.

  1. Ձու կռվեցնողները բանավոր կամ վիճակ գցելով պարզում են, թե ով է ձուն բռնողը կամ հարվածողը:
  2. Հարվածող կողմը պարտավոր է հարվածը ձվի ճիշտ ծայրամասին ուղղել:
  3. Նախ կռվեցնում են ձվերի սուր քթերը և դրանից հետո միայն, երբ այդպիսի պայմանավորվածություն է եղել, կռվեցնում են բութ քիթը բութի կամ հաղթող ձվի սուր քիթը՝ պարտված ձվի սուր քթի հետ:
  4. Հաղթողը տիրանում է ջարդված ձվին: Որպես կանոն, այս ձվախաղին նախորդում է ձու կռվեցնողների՝ իրենց ձվի գովաբանությունը: Պարծենում են, թե քանի օր են ձուն աղի մեջ պահել, թե ինչպես է այդ ձուն շատ ձվեր կոտրել և այլն: Մինչ բուն կռվին անվնելը, կռվեցնողները նախ ստուգում են՝ արդյո՞ք կեղծ չի հակառակորդի ձուն (հում ձուն դատարկելով՝ «հմուտները» մեջը լցնում են մոմ, ձյութ), ատամին խփելով ցուցադրաում են իրենց ձվի ամրությունը, կատակով կամ լուրջ առաջարկում են փոխանակել ձվերը և նոր կռվեցնել:


Ձուգլդորիկ

Այս խաղը սովորաբար խաղում են ծայրերն արդեն կոտրված, շահած ձվերով: Օրվա երկրորդ կեսին են խաղում, քանի որ օրվա այդ ժամին արդեն չջարդված ձվեր համարյա թե չեն մնում: Խաղում են թեք տեղանքում: Խաղի նպատակն է՝ ձուն բլրակի գագաթից գլորելով դիպցնել մինչ այդ մրցակիցների գլորած ձվերից որևէ մեկին և այդպիսով ձու շահել: Խաղը սկսելուց առաջ խաղացողները, իսկ դրանց թիվը կարող է նույնիսկ տասնհինգ, քսանը լինել, վիճակով պարզում են խաղի մեջ մտնողների հերթականությունը:

Խաղի կանոնները.

  1. Առաջին ձուն գլորողից հետո հաջորդ ձուն գլորողները փորձում են իրենց ձուն այնպես գլորել, որ այն դիպչի մինչ այդ գլորած և բլրի թեք լանջերում կամ ստորոտում անշարժ դիրքում գտնվող որևէ ձվի:
  2. Այն խաղացողին, ում հաջողվել է գլորելով խփել ներքևում գտնվող ձվին, իրավունք է վերապահվում վերցնել խփված ձուն և մեկ անգամ ևս գլորել:
  3. Խփված ձվի տերը համարվում է պարտված և խաղից դուրս է մնում կամ էլ խաղի մեջ է մտնում նոր ձվով:
  4. Ըստ հերթի՝ մինչև վերջ ձվերը գլորելուց հետո առաջին ձուն գլորող մասնակիցը և ըստ հերթի՝ մյուսները (եթե ձուն չեն տարվել) իրավունք ունեն վերցնել իրենց արդեն գլորած ձուն և նորից գլորել:
  5. Խաղավարտին, երբ խաղացողների թիվն արդեն խիստ կրճատված է լինում, իսկ ձվերի դիպչելու հավանականությունը՝ պակասած, մասնակիցները կարող են կնքել հետևյալ պայմանը՝ բոլոր ձվերը կվերցնի նա, ով ձուն գլորելիս անշարժ ձվերից ցանկացածին կդիպցնի:
  6. Արգելվում է գլորվող ձվին այս կամ այն եղանակով բնական ընթացքից շեղելը:

Այս խաղը առավել հետաքրքիր է դառնում, երբ մասնակիցները շատ են լինում: Խաղի ընթացքում, որպեսզի թյուրիմացություններ և վեճեր չառաջանան, թե ձվերից որը ում է պատկանում, խաղացողը գլորելուց հետո գնում է դրա հետևից և կողքին կանգնում, պայմանով, որ այն չտեղաշարժի և գլորվող ձվերին չխանգարի: Խաղի համար երեխաները կարող են նաև դատավոր ընտրել: «Ձուդլդորիկը» հաճախ միայն 5-րդ կանոնի համաձայն են խաղում: Այս դեպքում

ա) որպեսզի խաղացողի կողմից նախապես ուղղություն տալու հնարավորությունը բացառվի, խաղը կազմակերպում են այն պատերի տակ, որտեղ հողը թեքություն ունի: Պատի վրա նախապես մինչև մեկ մետր բարձրության վրա որևէ կետ են նշում, և բոլորը պարտավորվում են այստեղից ձուն պահելով բաց թողնել թեք հարթության վրա.

բ) մրցակիցներից յուրաքանչյուրը նոր ձվով է հանդես գալիս՝ նախօրոք նետած ձուն (ձվերը) գետնին թողնելով: Սա հնարավորություն է ընձեռում, որ գետնին հնարավորին չափ շատ ձվեր կուտակվեն և հաղթողը բոլորին տիրանա.

գ) ձու գլորողը կարող է իր քայլքով մեկ ձու շահել, եթե նրա նետած ձուն որևէ ձվից իր թզի հեռավորության վրա կանգնի: Այս դեպքում վերջինս նրա ավարն է դառնում, բայց սեփական ձուն գետնին է մնում, իսկ քայլ կատարելու հերթը հաջորդ մրցակցին է անցնում.

դ) պահեստային ձու չունենալու դեպքում տվյալ մասնակիցը խաղից դուրս է մնում՝ նախորդ նետած ձվերը կորցնելով:

Ձվարշավ

Այս խաղը նույնպես սովորաբար կոտրված ձվերով են խաղում: Խաղացողները՝ 2 – 4 հոգի, թեք տարածք են ընտրում և բարձունքից միաժամանակ իրենց ձվերը գլորում: Ում ձուն որ հեռու գլորվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուսների ձվերը «հավաքում»: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով խաղացողներից մեկը ձեռքի ձգված ափը ուղղահայաց գետնին է հպում, ապա բոլոր մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի, այս ափ-պատնեշի ետևում են շարում: Ձեռքը հեռացնելուն պես, ձվերը բարձունքից ցած են գլորվում՝ ձվարշավի տպավորություն թողնելով:

Ձուպտտոցի 

Խաղի համար մեկին դատավոր են ընտրում, որի հրահանգ տալուն պես որևէ հարթ մակերեսին փորձում են սուր քթի վրա միաժամանակ պտտեցնել ձվերը: Ում ձուն ավելի երկար պտտվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուս բոլոր խաղացողների ձվերը շահում: Երբեմն, վեճերից խուսափելու նպատակով հաղթողին այլ կերպ են որոշում՝ ելնելով ոչ թե ձվի՝ քթի վրա երկար ժամանակ պտտվելուց, այլ վերջինիս անշարժանալով:

Оставьте комментарий