Սևաբերդ

1604 թ․ տեղի ունեցած բնիկների անվերադարձ բռնագաղթի հետևանքով ցավոք մոռացության է մատնվել գյուղի հնագույն անվանումը, որը և չի փոխանցվել նաև եկվոր այլազգիներին: Նրանք, տպավորված գյուղամերձ ամրոցի՝ հատկապես գյուղահայաց հյուսիսային որմի մռայլ գույներից (բերդի այս որմը տարվա ընթացքում ամենաքիչն է լուսավորվում), գյուղը կոչել են Ղարաղալա (թրգմ.՝ սև բերդ), որն էլ 1948 թ. պաշտոնապես վերանվանվել է Սևաբերդ։

Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ: Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին: Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ Սևաբերդը առաջին անգամ գրականության մեջ հիշատակվել է 1862 թ․ Մեսրոպ Սմբատյանցի «Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ Նոր-Նայազետ գավառ ասի» գրքում։ Մեսրոպ Սմբատյանցը եղել է Էջմիածնի միաբան-արքեպիսկոպոս, իսկ գիրքը լույս է տեսել 1895 թ․։ Գրքում նկարագրված է գյուղի դիրքը։ Այդ ժամանակ գյուղում հայեր չեն բնակվել, բայց արքեպիսկոպոսը տեսել է մի մատուռ, խաչքարեր, որոնք ունեցել են հետևյալ արձանագրությունները․ «ԹՎՉԾ (1301թ.) կամաւքն Աստոայծ մենք Ճայճնայս (անունը է, որը գուցե Սմբատյանցը սխալ է կարդացել), և Սարգիսը կանգնեցանք զխաչս ի Քրիստոս, ամեն» (Մենք՝ Ճայճնայս և Սարգիսը, այս Խաչը կանգնեցրինք Քրիստոսի համար։ Թող այսպես լինի)։ Մյուս խաչի վրա գրված է Թ․+ՉԼԷ (1286թ.) «Ես Մամքոս զխզչս, յիշեցեք»։ Ըստ արքեպիսկոպոս Սմբատյանցի` զառեցիները այդ խաչքարերը տարել են իրենց գերեզմանոց։

2013 թ. գյուղի հյուսիսարևմտյան եզրին սևաբերդցի Դավիթ Աբրահամյանը հայտնաբերել է մի խաչքար, որը, ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների, վերաբերում է XIV-XV դարերին:

Ամրոցը գտնվում է գյուղի հարավարևմտյան եզրին: Հատակագծում բերդն անկանոն քառանկյուն է, թվագրվում է մ.թ.ա․ 3-2 հազարամյակից մինչև վաղ միջնադարի: Ունի 4 մ լայնություն, առանց շաղախի և անմշակ քարով հզոր շրջապարիսպ, որի կենտրոնում տեղադրված է միջնաբերդը: Բերդը կրկնապարիսպ է։ Ինչպես գլխավոր շրջապարսպի, այնպես էլ միջնաբերդի դարպասները բացված են արևելյան որմերից: Ներքին պարիսպը շինված է խոշոր քարերով։ Ունի երեք մուտք, խիստ հաջող դիրք։ 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին մի բերդ է հիշատակում, որ կոչվում է Գեղայոյ բերդ։ Ենթադրվում է, որ Սևաբերդը հենց այդ Գեղայոյ բերդն է։ Բերդն Աշոտ Երկաթի անվան հետ այնքան կապ ունի, որ 921 թ․, երբ արաբական զորավար Բեշիրը հալածում էր Աշոտ Երկաթին, թագավորը ամրանում է Գեղայոյ բերդում, որը շատ հավանական է՝ հենց Սևաբերդն է։  

Оставьте комментарий